Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեզ վախեցնում է արդարությունը

Մեզ վախեցնում է արդարությունը
27.09.2024 | 12:49

Ես Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչ գիտեմ, նույնիսկ՝ շատ քիչ շարքային քաղաքացի, որոնց պետք է ԱՐԴԱՐ իշխանություն:

Նախ՝ սկսենք նրանից, որ ատոմիզացված հասարակությունում գրեթե բոլորն ունեն արդարության վերաբերյալ իրենց պատկերացումը: Բայց մի պահ ընդունենք, որ բոլորի համար բաղձալի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ մեկն է՝ հարենասեր իշխանություն, ազնիվ ու անմնացորդ աշխատանք, կոլեկտիվ պատասխանատվության զգացում, հանրային բարիքի արդար բաշխում, տնտեսական գործունեության հավասարություն՝ բոլորի համար, օրենքի տառին համապատասխան դատական, ազնիվ սոցիալական և առողջապահական համակարգեր, պրոֆեսիոնալ ոստիկանություն, իրական ժողովրդավարական պետական կառավարման համակարգ, արդյունավետ կրթություն և այլն:

Իսկ ի՞նչ պետք է անի այդ ԱՐԴԱՐ իշխանությունն առաջին հերթին: Արդյոք չպե՞տք է քաղաքական գնահատական տա, դրանից բխող բոլոր իրավական ու բարոյական հետևանքներով, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Մենք դրա նախադեպը չենք ունեցել, թեև մեր հասարակության ճնշող մեծամասնությունը քաղաքական գնահատական տալը նույնացնում է, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական պրոցեսների հետ: Նկատեք, որ Տեր-Պետրոսյանի նկատմամբ այդպիսիք չկան, թեև Հայաստանի տնտեսությանն ամենամեծ վնասը հասցվել է հենց նրա իշխանության տարիներին: Բայց նրա անունը դրել ենք «հաղթած նախագահ» ու պահում ենք «սերվանտի» մեջ: Դա էլ է անարդար, որովհետև հաղթանակը միայն իր անձնականը չի եղել, դրա պտուղները քաղել է ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլև մեզանից յուրաքանչյուրը՝ այս կամ այն կերպ, թեև՝ ոչ ԱՐԴԱՐ:

Հիմա՝ Փաշինյանը կարո՞ղ է ընդունել Տեր-Պետրոսյանի հաղթանակած լինելը, եթե քամուն է տալիս դրա արդյունքները, նա կընդունի՞ Քոչարյանի կամ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանների տնտեսական և քաղաքական (բավարար էին, թե ոչ՝ որոշեք ինքներդ) ձեռքբերումները, եթե հետևողականորեն քանդում է բոլոր տնտեսական ու քաղաքական կապերը, անվտանգային համակարգը՝ փոխարենն առաջարկելով պարտություն, նվաստացում, հասարակական այլասերում և ամորֆ «ապագա»՝ Էրդողանի գրքի կոնսպեկտներով:

Հիմա այս ամենը տեղայնացրեք յուրաքանչյուրդ ձեզ վրա ու պատասխանեք ինքներդ ձեզ՝ պատրա՞ստ եք ընդունել, որ վատ եք աշխատել, հիվանդի դեղի փողը տանուլ եք տվել կազինոյում, երեխայի դաստիարակությունը և կրթութունը փոխարինել եք «դախլի» մոտ հաճախորդին «քցելուն» վարժեցնելով: Իսկ պատրա՞ստ եք խոստովանել, որ եթե հնարավորություն ունենայիք՝ դուք էլ օլիգարխ կդառնայիք ու չէիք փոշմանի կամ գործարան կսեփականաշնորհեիք ու մետաղի ջարդոնի կվերածեիք, եթե ձեզ էլ թողնեին «լափամանի» մոտ:

Ահա սա՛ է մեր ձախողումների հիմնական պատճառը, սա՛ է, ինչից վախենում ենք ու չենք հասնում փոփոխությունների, որովհետև մեզ «անտերությունն» ավելի ձեռնտու է: Հիմա կարող ենք մեզ մի օր օլիգարխ, մի օր թալանչի, մի օր անպատիժ զգալ, որովհետև Փաշինյանը մեզ թողել է ինքնահոսի՝ մեր պատկերացրած «արդարության» շրջանակներում: Սա՛ է պատճառը, որ դավաճան Փաշինյանի իշխանությունը գոյատևում է արդեն վեց ու կես տարի, այնինչ, նախորդ ցանկացած իշխանութուն հօդս կցնդեր (ի դեպ՝ մոտավորապես նման 2 օրինակ ունեցել ենք), եթե իրեն թույլ տար նույնիսկ մտածել ազգային շահը ստորադասելու, Արցախը վաճառելու, պատերազմի մսաղացում հազարավորներին զոհելու, Էրդողանի առաջ կզելու ու Ալիևից խաղաղություն մուրալու մասին:

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլը դավադիր պատերազմով մեկնարկեց մեզ կործանելու իր զազրելի առաքելությունը, բայց այն ժամանակ մենք դեռ նախորդ իշխանությունների իներցիան ունեինք, դեռ մտածում էինք, որ պետություն ունենք, որ մեր նահանջը «դագդիգագան» է:

Նիկոլը պետք է օր առաջ հեռացվի ու պատասխան տա, մենք այլ ելք չունենք: Բայց դրա համար մեզ ԱՐԴԱՐ իշխանություն է պետք, որի համար, առաջին հերթին, մենք մեր հանդեպ պետք է ԱՐԴԱՐ լինենք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ